Ուսերիդ փոշին

 

 

 

Աստղ Կիրակոսյան 

Նկարը՝  Magritte, René The Human Condition

Որպեսզի չտանջվեմ քեզ հետ, ես կպատմեմ իմ մեջ բուն դրած ոգու մասին: Ես ամենից շատ, ամենից վեր մի կարողություն ունեմ. երբևիցե չեմ նվաստանում և ո՛չ էլ նվաստացնում եմ: Բայց,  ունեմ նաև տանջող զսպվածություն: Երբ ինձ ցավեցնում են, երբեք ցավոտ հակահարվածի մասին չեմ մտածում: Իմ պատասխանը ոչ միայն չի ցավեցնում, այլև բուժում է վերքերը: Իսկ դու ուրախանում ես ու  իմ մասին սկսում չմտածել: Բայց ես ինչքան էլ ցավ զգամ, քո առաջ ոչ մի կաթիլ չարություն ջրի երես դուրս չեմ բերի: Որպեսզի խենթի պես միայնակ չնստեմ ու վերքերս ցավեցնեմ աղի արտասուքներով, ես ուրախանում եմ քո նմանի ուրախությամբ:

Ու, երբ հանկարծ քո մեջ մեծանա իմ տված բարությունը, որը խրատի պես ծածկեց սխալներդ, դու կշրջվես ու կնայես ինձ: Կնայես, բայց չես հասկանա: Նույնիսկ, եթե լսես կամ զգաս, միևնույն է, չես հասկանա: 

Միայն թե խնդրում եմ, հանկարծ ինձ չհացնես, թե ոնց եմ ես:

Խնդրում եմ` մի հարցրու...

Write a comment

Comments: 0