Աշխարհներ

Վիկա Նավասարդյան 

10-1

նկարը՝ հեղինակային

  Ես ունեմ հասակակիցներ, որոնցից ոմանք իմ ընկերներն են, իսկ ոմանց չեմ ճանաչում։ Հիմա մտածում եմ, տեսնես բոլորն ունեն իմ նույն խնդրից.<<Ի՞նչ է կյանքը>>: Փորձեմ նկարագրել այնպես, ինպես ես եմ դա հասկանում, իսկ ես չեմ հասկանում։ Ես չգիտեմ ինչն է սխալ, իսկ ինչը ճիշտ։ Ո՞վ եմ ես այս կյանում, արդյոք ի՞նչ դեր եմ խաղում։ Ի՞նչի համար է ինձ կյանք տրված։ Մտածում եմ կյանքը մարդկանց տրվում է ինչ-որ նպատակով։ Ու դժվար է գտնել այդ նպատակը։ Կյանքի հետ տրվում է ճակատագիր և այն փոխելու հնարավորություն։ Իմ կարծիքով յուրաքանչյուրս ծնված ենք այս աշխարհին օգուտ տալու համար։ Անպայման չէ, որ աշխարհը լինի Երկիր մոլորակը, կամ այն երկիրն ու քաղաքը որտեղ ապրում ես։ Այն կարող է լինել մարդ, կենդանի, միջատ, նորատունկ ծառ կամ փոքրիկ ծաղիկ։ Պետք է անցնենք շատ դժվարությունների միջով, բայց հաղթահարենք դրանք և օգուտ տանք իմ ասած աշխարհին։ Իսկ հիմա ինչի՞ն եմ օգուտ տալիս ես, ինչի՞ն վնաս, և ինչքա՞ն։ Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ուզում կյանքից, ի՞նչ է կյանքը ուզում ինձնից։ Չգիտեմ չէ, հոգնել եմ արդեն այս հարցերի պատասխանները փնտրել այս տարիքում։ Մարդկանց կեսը ասում են, որ մեծ աղջիկ եմ, ինքս պետք է որոշեմ ինչ անել իմ կյանքի հետ, իսկ մյուս մասը, որ դեռ երեխա եմ ու պետք է լսեմ մեծերին։ Գիտեմ, նաև ասել են, որ պետք է լսեմ ինքս ինձ։ Ես ինքս ինձ լսում եմ, բայց չեմ հասկանում։ Երևի հիմա ամենաբարդ բանն ինձ համար, դա ինքս ինձ հասկանալն է։ Ես չգիտեմ ինչ եմ ուզում ու ինչ չեմ ուզում։ Երբ ուրախ ու երջանիկ եմ լինում, ամբողջությամբ ուրիշ բան եմ ուզում, քան այն ժամանակ, երբ տխուր եմ։

Կա ուղեղ, և կա սիրտ։ Հիմա արի ու մտածի ում լսես։ Ինքան գնում է, համոզվում եմ, որ պետք է ուղեղին լսել, սակայն պահ է գալիս, երբ հոգնում ես և նոր բան ես ուզում, նոր զգացողություն։ Եվ երբ միացնում ես սիրտդ, էլ չես գիտակցում արարքներիդ հետևանքները։Եվ լինում է ժամանակ, երբ իրոք ավելի լավ է լսես սրտիդ ու անես այն ինչ ուզում ես, քանի որ մեր պատկերացումները այն մասին, թե ոնց պետք է ամեն ինչ լինի, խանգարում են մեզ վայելել այն ինչ կա։ Ու շատ քչերն են կարողանում սիրտն ու ուղեղը միառժամանակ միացնել։ Ես մտնում եմ այն մեծամասնության մեջ, ում մոտ կա՛մ սիրտն է, կա՛մ ուղեղը։ Դա սխալ է, որի վրա ես աշխատում եմ։

Ինձ մոտ կարծես դատարկ լինի այն հատվածը, որտեղ պետք է լինեն իմ ուզած հարցերի պատասխանները։ Հասկացել եմ,որ իմ կյանքի սխալների միակ մեղավորը ես եմ, ես չեմ հասկանում այն, ինչ անում եմ։ Անում եմ առանց մտածելու հետևանքների մասին։ Այս պահին զգում եմ, որ դեռ մանկամիտ երեխա եմ, ով կյանքից բան չի հասկանում, տասը տարեկան…չէ, չէ հինգ տարեկան երեխա, ով կյանքին նայում է ուրիշ աչքերով։ Նայելուց տեսնում է ծաղիկներ, կանաչ մարգագետին, փարթամ ծառեր, մաքուր առու։ Ու չի տեսնում, որ այդ մարգագետնում տարկներ առաջ պատերազմ է եղել, հրդեհ, ջարդ ու կոտորած, չի տեսնում, թե որքան արյուն է թափվել այդ մաքուր առվի մեջ, չի տեսնում կյանքի դաժանությունը, այլ տեսնում է կյանքը հեքիաթի նման։

Լավ, իսկ երբ  փորձում եմ ինձ հեռու պահել կյանքից, վնասում եմ, վերք եմ առաջացնում։ Փորձում եմ բուժել ու ստանում եմ հակառակ արդյունքը, ավելի եմ խորացնում վերքը, ինձ արյունոտելով։ Այո՛, ես բժիշկ եմ, բայց անփորձ, շատ վատ բժիշկ, ով իր աշխատանքից ոչինչ չի հասկանում։ Իսկ այդպիսի բժիշկներից խորհուրդ է տրվում հեռու մնալ։

Տեսնես երբևիցե կգա մի օր, երբ ես կգտնեմ իմ հարցերի պատասխանները։ Անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, թե երբ եմ դուրս գալու այս տարիքային շրջանից։ Ճիշտ է, շատ-շատ եմ լսել, որ ասում են մի շտապիր մեծանալ, վայելիր մանկությունդ, որ մի օր կասեմ ինչ լավ է երեխաներին, կուզենամ ետ բերել ամեն ինչ, թեկուզ մի ակնթարթով։ Բայց հիմա ուզում եմ դուրս գալ։ Ուզում եմ ուրիշ տեղ փնտրել հարցերիս պատասխանները։ Կուզեի ժամանակը տասը տարի թռներ, ինձ մոռանային, ու նոր կյանք սկսեի՝ ուրիշ կանոններով։ Երբ որ կարդում էի հասակակիցներկս նմանատիպ խոսքերը, չէի հասկանում, ոնց կարող է երեխան ցանկանալ նոր կյանք սկսել, ինչը իրեն չի գոհացնում սեփական կյանքում, իսկ հիմա հասկանում եմ… պատասխաններ չկան, պատասխաններ։ Միգուցե մեծերի աշխարհում ամեն ինչ ուրիշ է, միգուցե այնտեղ են հենց մեր հարցերի պատասխանները։ Ու միակ բանը, որը մեզ կարող է օգնել գնալ այդ աշխարհ՝ ժամանակն է։ Բայց ինքնել թարսի պես այնքան շատ է, երբ սպասում ես, և այնքան քիչ, երբ շտապում ես։ Ուղղակի համբերել է պետք, համբերությունը բոլոր դռների կարևոր բանալիներից է։ Իմ հասակակիցներ, ովքեր տառապում են այդ կարևորագույն հարցի շուրջ, ձեզ խորհուրդ կտամ համբերել, մինչև կմտնենք մեծերի աշխարհ և միգուցե միասին գտնենք մեր հարցերի պատասխանները։

 

 

 

Write a comment

Comments: 0