Իմ հրեշտակը

Վիկա Նավասարդյան

10-1

Ով է ասել,որ հրեշտակներ գոյություն չունեն կամ նրանք միայն սպիտակ հագուստով, սպիտակ թևերով բարի էակներ են։ Ես այսօր հանդիպեցի մի հրեշտակի, որը ամենևին էլ նման չէր մարդկանց պատկերացրած հրեշտակին։ Այն իրական էր, շոշափելի և իրենից լույս էր անդրադարձնում։

Կեսրօվա շոգ էր։ Փոքր -ինչ ծանրաբեռնված դպրոցական օրից` նստեցի երթուղային, որպեսզի տուն գնամ։ Հոգնած ներս մտա, ինձ մի կին տեղ տվեց, որպեսզի նստեմ կողքի աթոռին։ Ականջակալներս հագա, միացրեցի երաժշտություն և սկսեցի լսել։ Կնոջ ձեռքերի մեջ խելոք նստած էր մի լուսավոր էակ։ Նա պտտվեց, պտտվեց և թեքվեց իմ կողմ, ժպիտը պատեց նրա դեմքը։ Պայծառ լույսի շողեր թափվեցին նրա համովիկ մռութից։ Սկսեց ծիծաղել, ես էլ իր հետ։ Հաճելի ժպիտ ուներ։ Նայեց ինձ, ապա գլուխը թեքեց մի կողմ, երևի ամաչում էր։ Հետո նորից նայեց ինձ, խաղաց իրերովս, մի քանի րոպե հեռվից հեռու խաղալուց հետո եկավ գիրկս։ Գրկեց ինձ իր փոքրիկ թևերով։ Գլուխը հենեց ինձ  և սկսեց նայել պատուհանից դուրս։ Զգացի նրա ջերմությունը, նրա ազնիվ սերը։ Կինը զարմացել էր, թե ոնց կարող է նա մի քանի րոպեում այդպես ջերմ փաթաթվել անծանոթ աղջկա։

Ես մի ձեռքով բռնել էի նրա նուրբ և փխրուն մեջքը, իսկ մյուսով խաղում էի խիտ և փափուկ մազերի հետ։ Ինչքան դրական էներգիա փոխանցեց նա ինձ։ Հետո նստեց ծնկներիս, իր մեծ, սև աչուկներով նայեց վրաս, սկսեց ժպտալ։ Ուներ չորս, սպիտակ ատամիկ-մարգարիտներ, որոնք էլ նախշում էին նրա քաղցր ու ջինջ ժպիտը։ Այդ պահին զգացի, որ ես էլ նրան եմ սիրում, անկեղծ եմ սիրում, քանի որ նրա հետ գրկախառնության ժամանակ հասկացա, որ հյուսվեցին մեր կյանքի գունավոր նախշերը։

Եվ հենց նա էր իմ հրեշտակը, իմ մի տարեկան հրեշտակը, իմ լույսի կտորը։

Write a comment

Comments: 0