Մինչև ամպեր (մաս 4․ Ձմռան սառը շունչը այնքան մտածկոտ է դարձնում ինձ)

Գոհար Հովհաննիսյան

10-1

 

 

Անցավ մեկ շաբաթ։ Շատ բան չփոխվեց իմ և Իսեյի հանդիպումից հետո։ Ես էլի դպրոց էի գնում ջինսից շալվարով, երկար թիկնոցով, սպիտակ վերնաշապիկով և վրայից հագած հաստ սվիտերով։ Արդեն ձմեռ է՝ ձմռան 7-րդ օրը։ Ես սիրում եմ ձմեռը, այն այնքան սառն է, այնքան հանգստացնող։ Այս օրերին ինձ սովորաբար հարցնում են, թե ինչ եմ ուզում նոր տարվա համար նվեր։ Իսկ ես միշտ ասում եմ, որ չեմ սիրում նվերներ, բայց, միևնույն է, ինչ-որ բան կնվիրեն ինձ ծնողներս։ Ի տարբերություն ինձ, նրանք լավատես են և սիրում են այդպիսի բաներ, ինչպիսին նոր տարվա տոնն է։ Անցած տարի նրանք ինձ շարֆ էին նվիրել և երևի թե այսօր վերցնեմ հետս։ Ես միշտ այն պահում եմ դպրոցի իմ պահարանում։

 

Եթե ձեզ հետաքրքրում է` կպատմեմ նաև Իսեյի մասին։ Նա շարունակում է դպրոց հաճախել, նորից անտարբեր է շրջապատի նկատմամբ։ Միայն ինձ է ժպտալով բարևում։ Սկսել է կողքիս նստարանին նստել, և ես էլ դեմ չեմ։ Նա էլի ականջակալներով է, ինձ դա շատ է նյարդայնացնում, բայց, դե, նա արդեն իմ ընկերն է, ես կսովորեմ նրա այս պահվածքին։ Ես չեմ խոսացել նրա հետ մեր վերջին հանդիպումից հետո։ Լսել եմ, որ նրա ծնողներն էին դպրոց եկել և ուսուցչուհիները բողոքում էին նրա մեկուսացումից։ Ես նրան հասկանում եմ, իմ ծնողներին էլ շատ հաճախ դպրոց էին կանչում այդ նույն պատճառով։ Նա էլի սառնասիրտ էր ուսուցչուհու ասածներից հետո։ Անտարբեր՝ ասես սառույց, ես չեմ հավատում, որ այս տղան մի շաբաթ առաջ ինձ գրկել էր և չէր ուզում իջեցնել։ Նորություն չէ, որ նա տարօրինակ է։

 

Դե, վաղը իմ ծննդյան օրն է, կանցնի ուղիղ տարի իմ թևերի հայտնվելուց հետո։ Ես չգիտեմ` արդյոք ինչ-որ բան էլ կփոխվի այդ գիշեր, հնարավոր է` ես կկորցնեմ իմ թևերը այնպես հանկարծակի, ինչպես հայտնվել էին։ Բայց ես միայն ուրախ կլինեմ։ Այսպես էլ չկարողացա թռչել։ Ինձ դա տխրեցնում է։ Էլի դասերից հետո գնում եմ հին տունը ու երկար մտածում թևերիս մասին։ Կանցնի երկար ժամանակ, մինչև ես կհարմարվեմ այս ամենին, բայց մինչ այդ ես կպայքարեմ։ Ինձ շատ հաճախ թվում է, թե ինձ նման մեկին եմ տեսնում։ Մի անգամ գիշերը ես էլի գնում էի տանից և տեսա օդում սավառնող մի մեծ թռչուն։ Բայց դա նման չէր թռչունի, ասես մարդ լիներ սև թևերով։ Ես մտածում եմ` դա իմ երևակայությունն էր կամ էլ խաբուսիկ ինչ որ բան։ Բայց լավ, շատ չխորանամ։ Այսքան մարդ կա աշխարհում, հնարավոր չէ, որ ես միակ մարդ-հրեշտակը լինեմ։

 

Կարող եմ ասել նաև, որ Իսեյը ինձ շատ օգնեց, նրա շնորհիվ ես ինձ էլ այդքան միայնակ չեմ զգում դժվար պահերին։ Նա ինձ հույս տվեց, հույս, որ ես կարող եմ թռչել։ Ուղղակի պետք է չարչարվել։ Ես նրան հուսախաբ չեմ անի, ես կփորձեմ գոնե հանուն նրա, հանուն իմ միակ ընկերոջ։ Ընկերության համար ես նրան անչափ շնորհակալ եմ։ Չնայած երբեք համարձակությունս չի հերիքի խոստովանել նրան դա։

 

Դե, ինչ, վերջանում է նաև այս օրը, ես գնում եմ տուն և պատրաստվում վաղվան, ոչ ոք չի կարող ասե,լ թե ինչ կլինի վաղը։ Ես էլի կտեսնեմ այն ուրախ Իսեյին, ով միշտ ինձ ժպտում է դպրոցում, գոնե դա ինձ ուրախացնում է քնելուց առաջ։

 

 

 

Write a comment

Comments: 0