Լռությունից տխուր էր նաև երկինքը

Աստղ Կիրակոսյան

  Սևանի ճամփին մուգ պատուհանից այն կողմ լույսը գնալով խամրում էր: Ամպերը սև ծխի պես էին, իսկ հողը՝ մոխրու: Ճանապարհը՝ երկար ու թաց: Ժպիտ չկար դեմքիս ու արև չկար: Դեմքս պատված էր ամպերով: Երբ ամպերից սկսեց անձրև կաթալ, իմ աչքերից արցունքներ թափվեցին ավտոբուսի նստարանին: Երորդ-չորորդ արցունքի կաթիլից հետո նայեցի երկնքին և տեսա, որ դրսում էլ է անձրև: Անձրևի հետ արտասվում էի ու չէի 

նկատում արևի շողերը: Մոտ երկու ժամ պատուհանից դուրս նայելը ավելին է, քան լոկ հաճույքը: Ավտոբուսը արագ -արագ անցնում էր, ներդաշնակ էր խոնավ ու թաց օդը, ծառերի ճյուղերը փռված էին ճանապարհին: Օրս խառն էր: Մի քիչ բարի, մի քիչ տխուր ու նույնքան զարմանալի: Հասանք Սևան: Ալիքնե~ր … Ինձ բարևում էին ալիքները: Ջուրը պաղ էր. արև չէր տեսել: Նստեցի մի քարի վրա, նայեցի ալիքներին: Ալիքները իրենց հետ բերում էին սառը քամի: Մրսեցի ու գնացի տուն: Տանը հարազատ մարդիկ էին: Մոտ յոթանասուն հոգի իմ նման, իմ տարիքի մարդիկ: Չնայած հետաքրքիր էր իրենց հետ, բայց ամեն րոպե առանձնանում էի, որովհետև արևը դեպի դպրոցն էր: Լռության ձայնը… ինչո՞ւ է իմ մենությունը պատված լռության ձայնով: Ձա՞յն, ո´չ, գոռոց է, ինչից պրծում չունեմ: Այդ գոռոցը, նույնիսկ չի դադարում գիշերը: Մտքերս էլ են արդեն դրանով պատված: Սառել է իմ մտքերի գետը, հոսք չկա, չկա մարդկային ձայնի լռությունը: Միայնության, լռության ձայնն է տիրում: Ես դատապարտված եմ նրանով այն պահից, երբ առաջին անգամ տեսա նրան, նրան, ում տեսնելիս միշտ լռություն է տիրում: 

Write a comment

Comments: 0