Ինչ փոխեց իմ կյանքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը. մաս երկրորդ

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

2015թ. սեպտեմբերի 5 –ին, երբ առաջին անգամ մտա դասարան, ինձ բարևեցին, մի պահ բոլորը ինձ նայեցին և շարունակեցին իրենց գործը: Մի տեսակ անտարբերություն զգացի: Ճիշտ է` անտարբերությունը վատ բան է, բայց դա ինձ այնքան դուր եկավ:

Աստիճանաբար սկսեցի ծանոթանալ սովորողների հետ: Բոլորը բոլորից տարբերվում էին: Յուրաքանչյուրից կարելի է մինիմում մի բան  սովորել, մի նոր բան: Սկզբի ժամանակները այդքան էլ ամեն ինչ պարզ չէր: Ես մի քիչ դժվար ընտելացա հակարգիչներին: Բայց ժամանակի ընթացքում կարողացա գնաատել համակարգիչների առավելությունը:

Հետո ընկեր Նունեն  խնդրեց մի նյութ գրել: Ես գրեցի և երբ կարդացի, ինձ ծափահարեցին (ես գլուխ չեմ գովում, ուղղակի պատմում եմ պահեր, որոնք իմ վրա մեծ տպավորություն են թողել): Ես զարմացա, որովհետև  ես սովոր էի, որ ինձ պետք է նախանձեն և ամեն գնով ցույց տան,  որ իմ արածը այնքան էլ լավը չէ: Բայց ծափահարել....փաստորեն իմ դասարանցիները գնահատեցին ինձ ու իմ գրածը: Բոլորը ունեն իրենց նպատակները և նախասիրություները, և ոչ ոք պատճառ չունի ինձ նախանձելու: Դա ինձ անչափ դուր եկավ: Դա ինձ ազատություն տվեց: Ես միանգամից հասկացա, որ այս դպրոցը բարգավաճման, ազատության և տաղանդների բացահայտման դպրոց է: Ամեն անգամ ընկեր Նունեն ինձ օգնում էր, համոզում էր, պարտադրում էր, որ ես գրեմ: Ես հասկացա , որ ունեմ ստեղծագործելու տաղանդ: Հնարավոր է, որ ես մինչև իմ կյաքի վերջ  չկարողանայի բացահայտել ինքս ինձ: Ընդհանրապես, գրելը օգնում է մարդուն լիցքաթափվել ու նաև` կենտրոնանալ: Նաև շնորհիվ մեր դպրոցի կրթական ծրագրի` ես դրա համար նաև գնահատաան էի ստանում: Այսպիսով` գնահատականը խթան հանդիսացավ, որպեսզի ես զարգացնեմ իմ գրելու շնորհքը: Այս դպրոցի ուսումնական ծրագրի շնորհիվ ես կարողանում եմ ավելի շատ կենտրոնանալ և խորացված ուսումնասիրել ինձ պետքական և հետաքրքիր առարկաները: Շնորհիվ դրա` իմ ուսումը դառնում է ավելի թեթև, արդյունավետ և հաճելի, ուղեղս շատ չի ծանրաբեռնվում, ես կարողանում եմ լիարժեք մասնակցել մնացած բոլոր դասերին: Ճամփորդություների ժամանակ ես միշտ եղել եմ առավելագույնս ակտիվ և էքստրեմալ: Իմ նախորդ դպրոցում, երբ ես ռիսկային կամ, ինչու չէ, նաև էքստրեմալ բաներ էի անում, ինձ վրա ջղայնանում էին, իսկ այստեղ ինձ ուղղակի նկարում են: Շատ հաճելի է տեսնել, որ ուսուցիչը վստահում է քեզ, վստահ է քո ուժերի վրա: Հաճելի է տեսնել, որ այն դպրոցում, որտեղ դու անցկացնում ես քո օրվա մեծ մասը, պարբերաբար փոփոխություների է ենթարկվում, ամեն օր նոր գույներ, նոր դիզայն, նոր խմբեր, նոր ակումբներ, նոր ծրագրեր են ավելանում, դա ուսումը դարձնում է չափազանց հաճելի:

Ես ազատենչ մարդ եմ, միշտ ձգտել եմ ազատության և ինքնուրույնության: 2015թ. աշնանը ես իմացա, որ կարող եմ աշխատել գրադարանում: Սկզբից ես մտածեցի, ինչիս է պետք, միևնույն է, ես ստանում եմ իմ ծնողներից բավականաչափ գումար, որպեսզի հոգամ իմ առօրյա բոլոր ծախսերը, բայց հետո մտածեցի. «հրաշալի բան է սովորել և աշխատել դպրոցում»:  Ես ընդունվեցի և մինչև հիմա աշխատում եմ: Ես հիմա ֆինանսապես բավականին անկախ եմ իմ ծնողներից:

Բացահայտեցի նաև, որ ես աշխատասեր եմ,  հիմա գիտեմ, որ կարող եմ սկսածս գործը հասցնել ավարտին:  Դրանից իմ ինքնագնահատականըը բարձրացավ: Ես ունեցել եմ շատ հաջողություններ այս դպրոցում և հույսով եմ, որ էլի կունենամ: 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շնորհիվ ես ինձ զգում եմ ժամանակակից, ինձ զգում եմ 21-րդ դարի մասնիկ, ինձ զգում եմ ոչ թե սպառող, այլ արարող: «Մխիթար Սեբաստացին» իմ կյանքի դպրոց է, բացահայտող դպրոց է, ուղի հարթող դպրոց է, այն կողմնացույց է կյանքի բազմազան ճանապարհների մեջ: Միայն թե պետք է ճիշտ օգտվել իմանալ: Ինձ համարելով ներդաշնակ մարդ` կարող եմ ասել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը օգնեց, որ ես կերտեմ իմ ներդաշնակությունը: Շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին` իմ կյանքը 360 աստիճան դեպի լավը փոխելու համար:

Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Monday, 09 May 2016 12:44)

    Շնորհակալություն, Նորայր ջան: Լավ է, որ գնահատում ես քո ունեցածը:

  • #2

    Սարգսյան Լուսինե (Tuesday, 10 May 2016 04:19)

    Ապրես, Նորայր ջամ