Ազատ լինելու համար պետք է ազնիվ լինել

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ sodahead.com





Իմ կարծիքով, ազատություն  չի նշանակում անել այն, ինչ  խելքիդ կփչի, քանի որ անհավասարակշռված և անմտածված քայլերը բերում են քաոսի, այլ ոչ թե ազատության: Ազատությունն ամենասուրբ բանն է այս աշխարհում: Ազատությունն  այն է, երբ ուզում ես  խմել, խմում ես, երբ չես ուզում, չես խմում: Ազատությունն  այն է, երբ ստիպված չես դերասանություն անել, դառնալ երկերեսանի, որպեսզի հարմարվես ինչ-որ կոլեկտիվի, ինչ որ մեկի: Ազատությունը մարդավայել ապրել է նշանակում: Ազատությունը պահանջում է ազնվություն, սեր, բարի կամք, հարգանք:

Ազատ լինելու համար առաջին հերթին պետք է ազնիվ լինել: Ազնվությունը ամենակարևոր բանալին է, թեև մեր աշխարհում  ոչ մի դուռ չի բացում: Մինչդեռ ապրելու համար պետք են բանալիներ, որոնք կարող են դռներ բացել և ապահովել մեր վաղվա օրը:  Շահադիտական նպատակներից ելնելով սիրել կամ պարտավորվածությունից ելնելով սիրելը սեր չէ,  զգացմունք չէ,  մտածված գործողություն է, որը ոչ մի տեսանկյունից սեր չի կարող կոչվել:

Սեր ունենալու համար  առաջին հերթին պետք է ազնիվ լինել: Իսկ ի՞նչ է կամեցողությունը, դա այն է, երբ գոհանում ես քո ունեցածով և սիրտդ բավականություն է ստանում, այդ ամենից ոգեշնչված ցանկանում ես մյուսներն էլ ապրեն այն ուրախությունը, որի մեջ դու գտնվում ես: Կամեցողություն էլ համապատասխանաբար կախված է սիրուց: Իսկ եթե չկա ազնվություն,  սեր, կամեցողություն,  հարգանքի մասին խոսելն իմաստ չունի:

Դե, այսքանից հետո ինչպես լինել ազատ այս աշխարհում: Որքան էլ դժվար և տհաճ է գիտակցել, բայց այս աշխարհում ինչ -որ մեկի կամ ինչ- որ բանի պատճառով բոլորս ունենք սահմանափակված ազատություն: Միակ ելքն այն է , որ մենք գծենք մեր սեփական սահմանները և այդ նեղվածքին հարմարվելով փորձենք ապրել: Ինչու նեղվածք, որովհետև մեր սրտի ուզածը անգամ հաճախ մենք չենք կարողանում պատկերացնել, էլ ուր մնաց այն գտնենք այս սահմանափակ աշխարհի սահմանափակված սահմանների մեջ…


Write a comment

Comments: 0