Ես և տիկին Երանուհին

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես շատ եմ սիրում տիկին Երանուհուն: Նա վեցերորդ դասարանում եղել է իմ դասղեկը, իսկ երկարօրյայի ժամանակ օգնել է կատարել տնային աշխատանքները: Նա շատ բարի է, հոգատար, միշտ եղել է մեր կողքին և օգնել է մեզ: Մենք նրա հետ կիսում էինք մեր մտքերը, և նա մեզ խորհուրդներ էր տալիս: 

Երբ ես նոր էի եկել այս դպրոց, նա ինձ ծանոթացրեց Գոհարի հետ, և մենք դարձանք մտերիմ ընկերուհիներ, մինչև հիմա էլ ընկերություն ենք անում: Իսկ երբ մենք վիճում էինք, նա միշտ հաշտեցնում էր մեզ:

Հիշում եմ, սկզբում ծնողներս չէին թողնում ճամփորդությունների մասնակցել, բայց տիկին Երանուհին համոզեց նրանց, և ես սկսեցի մասնակցել բազում ճամփորդությունների: Շատ լավ հիշում եմ այն օրը, երբ մենք գնացել էինք բարձրանալու Արա լեռը, նույնիսկ հայրիկս էր մեզ հետ եկել: Մեր ջուրը վերջացել էր, և մենք ծարավ ու չորացած քայլում էինք, իսկ տիկին Երանուհին ոգևորում էր մեզ՝ ասելով, որ գագաթին աղբյուր կա և ինչքան արագ քայլենք, այնքան շուտ կհասնենք ջրին: Գագաթին կար աղբյուր, թե ոչ, այդպես էլ չիմացանք: Երբ հասանք գագաթին, այնքան ուրախ էինք, որ մոռացել էինք ջրի մասին... Ի դեպ, հայրիկս զարմացել էր, թե ինչպիսի հեշտությամբ տիկին Երանուհին հաղթահարեց բարձունքը:

Տիկին Երանուհին շատ էր սիրում պատմություններ պատմել իր կյանքից, և բոլոր այդ պատմությունները խոսում էին բարի ու հոգատար անձնավորության մասին: 

Ես շատ շնորհակալ և պարտական եմ տիկին Երանուհուն, առանց նրա ես այսքան բանի չէի հասնի:

Write a comment

Comments: 1
  • #1

    Երանուհի Սանթրոսյան (Thursday, 19 November 2015 09:11)

    Յուրաքանչյուր սովորող իմ սրտում իր տեղն ունի, Սիրանուշ ջան: Իրոք, հիշում եմ, երբ հայրդ բերեց ամառային ճամբար, մենք էլ ստուգատեսներ էինք անցկացնում: Դու շատ էիր ոգևորված, որն էլ փոխանցեցիր ծնողներիդ: Սեպտեմբերից մեր սանը դարձար: Ես շատ ուրախ էի, որ մեր դպրոցը նման սովորողներով է համալրվում: Հետո իմ օգնականն էիր: Միասին էինք կազմում էլեկտրոնային որոշ նյութեր: Բա կարելի է այս ամենը մոռանալ: Քո նշած ճամփորդություններն էլ, իհարկե, չեմ մոռացել: Սիրում եմ ձեզ և երբեմն հետևում ձեր ուսումնական գործունեությանը: