Մեր օրը Ծաղկաձորում

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Երեկ, մի խումբ սովորողներով և ուսուցիչներով գնացինք Ծաղկաձոր: Այնտեղ շատ ուրախ ու հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք: Սկզբից այցելեցինք Կեչառիս վանքային համալիր: Մենք իմացանք, որ այն կազմված է չորս վանքային եկեղեցիներից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի, Սուրբ Կաթողիկե եկեղեցի, Սուրբ Հարություն եկեղեցի: Մենք այնտեղ մոմ վառեցինք և աղոթեցինք: Հետո ուղևորվեցինք դեպի ճոպանուղի: Այն գտնվում էր Թեղենիս լեռան վրա: Բոլորս շատ անհամբեր էինք ու մի քիչ վախենում էինք: Բայց իզուր էինք վախենում: Մենք զույգ-զույգ նստեցինք ճոպանուղու նստարաններին և բարձրացանք վերև: Վերևում անհամեմատ ավելի ցուրտ էր: Հեռվում երևում էր Թեղենիսի ձյունածածկ գագաթը: Բոլորս շատ սոված էինք, չէ որ մաքուր օդը քաղց է առաջացնում: Ուտելուց հետո մենք խաղացինք շատ խաղեր, ուրախացանք: Երբ իջնելու ժամանակն էր, ուժեղ անձրև ու թեթև ձյուն սկսվեց, բայց մենք այնքան ոգևորված էինք, համարյա չմրսեցինք: Իջնելուն պես արագ վազեցինք, նստեցինք մեր ավտոբուսներն ու ուղևորվեցինք Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Այնտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին: Մենք շատ նոր բաներ իմացանք Օրբելի եղբայրների մասին: Ես իմացա, որ Օրբելի եղբայների ծնողներն են Աբգարը և Վարվառան: Իմացա, որ ավագ եղբայրը՝ Ռուբեն Օրբելին, ծնվել է Նախչավանում և եղել է ստորջրյա հնագիտության հիմնադիրը, տիրապետել է տասներկու լեզուների: Միջնեկ եղբայրը՝ Լևոն Օրբելին, ծնվել է Ծաղկաձորում, եղել է հայ ֆիզիոլոգ և բժշկական ծառայության գեներալ-գնդապետ: Եվ փոքր եղբայրը՝ Հովսեփ Օրբելին, ծնվել է Քութաիսում, եղել է աշխարհահռչակ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ, հիմնադրել է Հայ Ազգային ակադեմիան և եղել է առաջին նախագահը: Մենք տեսանք նաև Ծաղկաձորի պեղումներից հայտնաբերված կուժերը և մետաղադրամները: Թանգարանում մեզ համար պատրաստել էին հետաքրքիր խաղ-վիկտորինա: Մենք բաժանվեցինք երկու խմբի՝ <<Կեչառիս>> և <<Հովսեփ Օրբելի>>: Հաղթեց <<Հովսեփ Օրբելի>> թիմը, բայց երկու թիմերն էլ ստացան պատվոգրեր: Վերջում թանգարանի աշխատակցուհիները մեզ համար դաշնամուրով շատ գեղեցիկ կատարեցին Առնո Բաբաջանյանի երգերից: Մենք շատ մեծ տպավորություններով վերադարձանք տուն:

Write a comment

Comments: 0